ՊԱՐԱԴԻԳՄ
30 May 2018

Հայոց պետականության վերածնունդը բացառիկ կարեւոր իրադարձություն է. Արա Պապյան

Պետականության կորստի պատճառներն ու քաղվելիք դասերը:

 

1918 թվականին պետականության վերածնունդը բացառիկ կարեւոր իրադարձություն է մեզ համար: «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը հավելում է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք կունենաք այդ շրջանի նկատմամբ, պետք է հասկանանք, որ այսօր պարտական ենք հենց այդ ժամանակաշրջանին: Ինչո՞ւ կորցրեցինք մեր պետականությունը: Իր հարցադրմանն ի պատասխան՝ Պապյանը թվարկում է մի շարք պատճառներ:


«Առաջինն ու ամենալուրջ պատճառն աշխարհաքաղաքական էր: Հիշենք, որ 1920 թվականին Սովետական Ռուսաստանն իրականացնում էր համաշխարհային հեղափոխությունն արտահանելու քաղաքականություն: Հայաստանը, որն ավանդաբար Ռուսական կայսրության բարեկամ երկիր էր, հայերը կամ տարածքն այսպես ասենք, ստացվեց ոչ թե որպես դաշնակից, այլ խոչընդոտ համաշխարհային հեղափոխության առումով, որովհետեւ դա պետք էր իրականացվեր հատկապես Թուրքիայի եւ թուրքական ժողովուրդների միջոցով»,-ընդգծում է քաղաքագետը: Նա նաեւ հավելում է, որ հենց այդ համատեքստում էլ՝ շահերի ընդհանրության հիման վրա, տեղի է ունենում քեմալականների եւ բոլշեւիկների մերձեցումը:


Արա Պապյանը շեշտում է, որ կային նաեւ ներքին պատճառներ, մասնավորապես՝ կառավարող վարչախումբը չկարողացավ ժողովրդի 1918 թվականի ոգեւորությունը պահել 2.5 տարի: «1920 թվականին ժողովուրդն այնքան հոգնած էր իշխանությունից, որ հոկտեմբերի 30-ին Կարսի ամրոցն ընկավ՝ առանց դիմադրության: Սա պետք է դաս լինի բոլոր ժամանակների իշխանություններին. ժողովուրդը պետք է լինի երկրում հարց լուծողը եւ ոչ թե տնվորի, այլ տիրոջ կարգավիճակով»,-ասում է քաղաքագետը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: