Վարչապետ Փաշինյանի Վրաստան այցի կարեւոր մեսիջները՝ ըստ Ջոնի Մելիքյանի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցը կատարեց հարևան Վրաստան: Որոշ փորձագետներ այցը գնահատեցին որպես պատմական: Ինչո՞վ էր պատմական վարչապետ Փաշինյանի այցը Վրաստան: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն այս հարցադրմանն ի պատասխանա նախեւառաջ ընդգծում է՝ կարեւոր էր այցելությունը Ջավախք:
«Կարծում եմ՝ պատմականն այն էր, որ համաձայնեցնելով պաշտոնական Թբիլիսիի հետ՝ վարչապետը Հայաստան վերադարձավ Ջավախքով: Ինչն էր նաեւ կարեւոր, որ նրան ուղեկցում էր Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Որոշ մեսիջներ եղան նրա կողմից, մասնավորապես՝ Վրաստանն ուժեղ է ուժեղ Հայաստանով եւ հակառակը, ինչը ցույց է տալիս, որ դիսկուրսը փոխվում է: Գուցե սա այսօր հռետորական է թվում, բայց ցույց է տրվում, որ պատրաստակամություն կա»-, պարզաբանում է փորձագետը:
Վրաստան այցը մի քանի մեսիջներ էր պարունակում: Նախ, ըստ Ջոնի Մելիքյանի, պաշտոնական Երեւանը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության մեջ նախաձեռնողական է լինելու, եւ Վրաստանն այդ քաղաքականության մեջ իր ուրույն տեղն ունի: «Եւս մեկ մեսիջ կապված էր Ջավախքի հետ, որի մասին տարիներ շարունակ աշխատում էին չխոսել: Թե Երեւանը, թե Թբիլիսին ցույց են տալիս, որ Ջավախքի հարց չկա, Ջավախքը տարածաշրջան է, որտեղ ապրում են հայեր, որը միացնում է Հայաստանն ու Վրաստանը, այլ ոչ թե բաժանում»,-նկատում է վրացագետը:
Հայ-վրացական հարաբերությունների, Նիկոլ Փաշինյանի այցի արձագանքների եւ այլնի մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: