ՊԱՐԱԴԻԳՄ
09 Jun 2018

Կաթողիկոսի հրաժարականի պահը հասունացել էր դեռեւս 1999 թ. հոկտեմբեր 27-ին. Կարեն Պետրոսյան

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը ոչ թե եկեղեցուն է դեմ, այլ կաթողիկոսին:

Երկրում սկիզբ առած փոփոխությունների ալիքը հասել է հոգեւոր աշխարհ. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները պահանջում են Գարեգին երկրորդի հրաժարականը: Ինչո՞ւ պետք է կաթողիկոսը հրաժարական տա: Պա՞հն է հասունացել: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Կարեն Պետրոսյանն այս հարցադրմանն ի պատասխան նշում է՝ պահը հասունացել է դեռեւս 1999 թ. հոկտեմբեր 27-ին: «Այսինքն՝ հենց առաջին օրից, երբ Գարեգին երկրորդը, իշխանության բռնաճնշումների, կաշառքի արդյունքում դարձել է կաթողիկոս»,-ասում է նա:

Նախաձեռնության անդամը շտապում է հստակեցնել՝ իրականում ոչ թե եկեղեցուն ենք դեմ, այլ խնդիրը միայն Գարեգին Բ կաթողիկոսն է: «Մենք եկեղեցուն դեմ չեն, ինչպես փորձում են որոշ քահանաներ ասել՝ կաթողիկոսի աչքը մտնելու եւ ժողովրդին թյուր կարծիքի մեջ գցելու համար: Բացառապես բոլոր եպիսկոպոսների օծումը մենք ընդունում ենք, դա մեր սուրբ պարտականությունն է, որովհետեւ դա մեր եկեղեցու խորհուրդն է»,-ընդգծում է Կարեն Պետրոսյանը:

Եկեղեցու բնութագրումը տալիս Պետրոսյանը նկատում է՝ մենք ազգային եկեղեցի ենք, ոչ թե ֆանատիկ քրիստոնյաների եկեղեցի: «Մեր եկեղեցու ընկալմամբ նույնիսկ անհավատներն են մեր եկեղեցու զավակները, որոնք այդ պահին եկեղեցուց դուրս են: Մեր եկեղեցին ազգային է, ազգի մեջ մեր եկեղեցին բավական լուրջ կերպար ունի, արդարության ջատագով է, եկեղեցու քարոզչությունն ինչ է՝ հույս, հավատ, սեր, որի լրումն արդարությունն է, հիմա ինչքա՞ն եք տեսել, որ օրվա կաթողիկոսն արդարության համար կռիվ տա իշխանության դեմ, արդարության համար կռիվ տա միջազգային կառույցներում, կռիվ տա իր մոլորյալ զավակների համար»,-հարցադրում է անում նախաձեռնության անդամը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: