ՊԱՐԱԴԻԳՄ
16 Jun 2018

Այլընտրանք չկա. դատական համակարգը պետք է վերից վար փոխել. Նորայր Նորիկյան

Եթե չունենանք անկախ դատական իշխանություն, ապա միլիարդավոր ներդրումներ էլ արվեն Հայաստանը որեւէ հեռանկար չի ունենա:

Դատական իշխանությունը երկրի զարգացման ամենակարեւոր առանցքում է, հետեւաբար՝ եթե չունենանք անկախ դատական իշխանություն, որն իրականացնի արդարադատություն, ապա միլիարդավոր ներդրումներ էլ գան Հայաստան, միեւնույն է՝ երկիրը որեւէ հեռանկար չի ունենա: «Չորս չէ, ութ միլիոնն էլ դառնանք, ոչինչ չի փոխվելու, եթե դատական համակարգն անկախ չլինի»,-վստահ է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նա նկատում է՝ այժմ ապրում ենք մի դրամատիկ ժամանակաշրջանում, որտեղ դատական համակարգը հայտնվել է «ցուգցվանգային» իրավիճակում: «Ես համոզված կարող եմ արձանագրել, որ չենք ունեցել դատական անկախ իշխանություն. կարեւորագույն գործերով դատական իշխանության կառկառուն ներկայացուցիչներն ակնկալել են գործադիր իշխանությունից համապատասխան ցուցում՝ «արդարադատություն» իրականացնելու համար»,-նշում է նա:

Նորիկյանը նաեւ ընդգծում է՝ եթե, իրոք, հռչակել ենք նոր իդեալներ եւ ցանկանում ենք հիմնովի փոխել երկրի զարգացման հունը, ապա առաջին պլան պետք է մղվի դատաիրավական համակարգի արմատական փոփոխությունը: «Այլընտրանք պարզապես չունենք. այդ փոփոխությունները ենթադրում են վերից վար, ուղղահայաց փոփոխություններ՝ սկսած ԲԴԽ-ից վերջացրած դատարաններով: Հատակին հայտնված հեղինակությունը պետք է բարձրացնել»,-շեշտում է նա:

Հին ու նոր իրողությունները համեմատելիս՝ Նորիկյանն օրինակ է բերում դատախազության հայտարարությունը՝ «եկեք, գործակցենք, նոր ցուցումներ ենք տվել վարույթ իրականացնող մարմիններին»: «Եթե երեք ամիս առաջ սկզբունքային այլ դիրքորոշում ունեիք, նոր իրողություններով պայմանավորված բոլորովին այլ դիրքորոշում, արդյոք բարոյակա՞ն է, որ մնաք ձեր տեղերում: Որեւէ մեկը բացառո՞ւմ է, որ վաղն այդ նույն մարդիկ քաղաքական իրողությամբ պայմանավորված արմատապես չեն փոխի իրենց դիրքորոշումը»,-նկատում է փաստաբանը: Ի՞նչ անել՝ Նորիկյանի խորհուրդներն ու տեսակետները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: