ՊԱՐԱԴԻԳՄ
23 Jun 2018

Թուրքիայի ընտրություններին ընդառաջ՝ հայացք ներսից եւ դրսից

Հայաստանում եւ Թուրքիայում գտնվող թուրքագետները՝ հունիսի 24-ի ընտրությունների մասին

Թուրքիայում հունիսի 24-ին խորհրդարանական եւ նախագահի ընտրություններ են: Ի՞նչ նպատակով 2019-ի նոյեմբերին նախատեսվող ընտրությունները տեղափոխվեցին 2018 թվական: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը դիտարկմանն ի պատասխան նշում է՝ Էրդողանն ուզում էր այնպես անել, որ «մաքսիմալ հարմար պայմաններում ընթանային ընտրությունները»: «Դրա համար կային մի քանի նախադրյալներ, որոնք չաշխատեցին այնպես, ինչպես Էրդողանը ցանկանում էր: Հաշվարկված էր, որ արտահերթ ընտրությունների պարագայում ընդդիմությունը չի հասցնի մոբիլիզացնել եւ ունենալ որոշակի մարտավարություն: Մյուս հաշվարկն այն էր, որ նախորդ տարի գրանցած տնտեսական առաջընթացի դրական ալիքի վրա հնարավոր էր ապահովել ձայների մեծամասնություն»,-պարզաբանում է թուրքագետը՝ հավելելով, որ երկու մարտավարությունն էլ, փաստացի, տապալվեցին:
Գեղամյանի խոսքով՝ ընդդիմությունը հասցրեց շատ յուրօրինակ կերպով մոբիլիզացվել եւ մոբիլիզացնել իր ընտրազանգվածը, իսկ տնտեսական ցուցանիշը խիստ անկում գրանցեց: «Եւ որ ավելի կարեւոր է՝ այդ անկումը շատ պրակտիկ դրսեւորում ունեցավ. ազգային արժույթը գրանցեց պատմական մինիմում, ինչն արդեն շոշափելի էր բոլոր քաղաքացիների համար»,-ասում է նա:
Բիթլիսում գտնվող թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը ներկայացմամբ՝ Թուրքիայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սպասողական ու անորոշ: «Բնակիչների զգալի մասի մտահոգությունն այն է, թե արդյոք առաջին փուլով կանցնի էրդողանը: Գործի են դրել վարչական լծակները, անում են ամեն ինչ, որ Էրդողանն ընտրվի առաջին փուլով, քանի որ հստակ է, որ երկրորդ փուլի դեպքում նա բավական լուրջ խնդիրների առջեւ է կանգնելու եւ նրան ամենաբարդ փորձությունն է սպասելու»,-ընդգծում է նա: Չնայած Էրդողանն ակնհայտ ֆավորիտն է, սակայն թուրքագետ Պետրոսյանին հանդիպած բոլոր քրդերը Դեմիրթաշին են ընտրելու:
Անկարայի «Թեփավ» վերլուծական կենտրոնի հետազոտող Դիանա Յայլոյանն էլ նշում է, որ նախագահի թեկնածու Ինջենի հանրահավաքներին մասնակցում են ահռելի թվով մարդիկ: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ»-ում: