Արդյո՞ք նոր կառավարությունը կհաջողի կոռուպցիայի դեմ պայքարում. Հոկտանյանի գնահատականը
Կոռուպցիան սարսափելի հրեշ է, եւ այդ հրեշը սովորաբար փորձում է իրեն ոչնչացնողին դարձնել նույն հրեշը: «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հենց այս հանգամանքն է ամենամեծ վտանգը համարում: «Եթե լրջորեն չես պայքարում կոռուպցիան ծնող պատճառների դեմ, իսկ կոռուպցիան ծնող գլխավոր պատճառը երկրում առկա տնտեսական, քաղաքական եւ սոցիալական մոդելն է, եթե դա չի փոխվում, ապա այդ հրեշի դեմ պայքարողն ինքն է հրեշ դառնում: Այնպես, ինչպես եղավ 90-ական թվականների սկզբներին»,-նշում է Վարուժան Հոկտանյանը:
Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարն ընդգծում է՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միջավայրը փոխել, որ հնարավոր լինի անկաշառ մնալ: «Եթե դու չես ստեղծում միջին խավ, եթե բնակչությանդ 60 տոկոսն աղքատության մեջ է ապրում, իսկ մնացածն այդ աղքատության մեջ հայտնվելու վախի մեջ է ապրում, չեմ կարծում, որ այդ պայմաններում հնարավոր լինի արդյունավետ կերպով պայքարել կոռուպցիայի դեմ, եթե աշխատավարձի փոխարեն մարդիկ «աղքատավարձ» են ստանում, եթե մենք ունենք այդ խայտառակ երեւույթը՝ աշխատող աղքատներ, ապա նման պայմաններում, նման մոդելի պայմաններում դու չես կարող իսկապես լրջորեն պայքարել դրա դեմ»,-նշում է Հոկտանյանը:
Հայաստանյան նոր իրողությունների համատեքստում կոռուպցիայի դեմ պայքարելու նոր հնարավորությունների մասին զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: