ՊԱՐԱԴԻԳՄ
18 Jul 2018

Թրամփ-Պուտին հանդիպումն առավելապես դեկլարատիվ բնութ ուներ. միջազգայնագետ

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հելսինկյան հանդիպումն ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում, քան բովանդակային: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հավելում է, որ ոչ մի հիմնահարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել: «Որեւէ բան, մեծ հաշվով, չեղավ: Մինչեւ հանդիպումն ասել էի, որ որեւէ սպասելիք չունեմ: Ռուսաստանի ազգային շահից է բխում ուկրաինական եւ սիրիական ճգնաժամերի կարգավորումը: Հիմա ակնհայտ է, որ որեւէ մեկը Ռուսաստանի նախագահի հետ չի կարող խոսել Ղրիմի կարգավիճակի մասին, որովհետեւ դրանով կասկածի տակ է դրվում Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցը: Վերջ, այդ հարցը փակված է Ռուսաստանի համար ընդմիշտ: Սա մի կողմ ենք դնում»,-ասում է միջազգայնագետը:

Երկրորդ առանցքային հարցը՝ սիրիական ճգնաժամի կարգավորումն է, որի հարցում, ինչպես նկատում է միջազգայնագետը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր կարծիքներ ունեն անգամ ահաբեկչական խմբավորումների հարցում: «Մեկի կարծիքով՝ սա ահաբեկչական խմբավորում է, մյուսի կարծիքով՝ չէ, մեկն ասում է՝ Ասադը պետք է գնա, մյուսն ասում է՝ չէ: Այստեղ էլ դիրքորոշումները տարբեր են եւ դիրքորոշումների մոտեցում չի եղել, համենայն դեպս՝ առաջնային և սկզբունքային հարցերում»,-նկատում է Սուրեն Սարգսյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: