ՊԱՐԱԴԻԳՄ
28 Jul 2018

Մարտի 1-ին հայրենիքի վրա են կրակել. Նորայր Նորիկյան

Որեւէ անձ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, երաշխավորված չէ, որ այս քրեական գործի շրջանակում հետաքրքրություն չի ներկայացնի

 

2008 թվականի մարտի 1-ին կրակել են ժողովրդի վրա: Ժողովուրդն է հայրենիքը, այդ հայրենիքի վրա են կրակել են, այդ մարդու վրա են կրակել, որն ապրում ու պահում է այդ հայրենիքը: Փաստաբան Նորայր Նորիկյանը, մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը, դա բացառիկ իրադարձություն է համարում: «Հայաստանի Հանրապետության նորագույն քաղաքական կյանքում բացառիկ իրադարձություն է, երբ պաշտոնաթող  նախագահին մեղադրանք է առաջադրվում՝ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով, ավելին՝ ընտրվում է խափանման միջոց կալանավորումը: Կարծում եմ, որ սա որոշակի հետեւանքներ իր հետ բերելու է, այդ թվում՝ քաղաքական»,-ասում է փաստաբանը:

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա Նորայր Նորիկյանը, վկայակոչելով այդ ժամանակ գործող Սահմանադրության դրույթներին, ընդգծում է՝ ՀՀ զինված ուժերը կարող էին օգտագործվել բացառությամբ այն դեպքում, եթե ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարված լիներ ռազմական դրություն: «Ես որպես փաստաբան, որպես իրավաբան կարծում եմ, որ տվյալ սուբյեկտների կողմից գերազանցվել է իրենց սահմանադրական լիազորությունները, ինչի արդյունքում խաթարվել է եւ տապալվել երկրի սահմանադրական կարգը»,-նշում է նա:

Փաստաբան Նորիկյանը հավելում է նաեւ, որ Քոչարյանի մեկուսացումը կարող է մերձեցնել նրան եւ հանրապետականներին: «Տարիներ շարունակ նրանց միջեւ եղած հակասությունները կարող է մի կողմ դրվեն: Չեմ բացառում, որ կարող է պատրաստվեն որոշակի դիմադրություն ցույց տալուն: Նոր իշխանության խնդիրն է ամեն ինչ պահել  եւ իրականացնել օրինականության հարթության վրա, բացառել  որեւէ քաղաքական գործընթաց կամ քաղաքական բաղադրիչի օգտագործում»,-շեշտում է բանախոսը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: