Տնօրենների ձայնագրությունները հրապարակելը գերակա հանրային շահ է. Դանիել Իոանիսյան
Հանրակրթական դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների տնօրենների ձայնագրությունների հրապարակումը՝ գերակա հանրային շահ է: Նման համոզմունք է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոանիսյանը, որի ղեկավարած կառույցն էլ իրականացրել է եւ հրապարակել այդ ձայնագրությունները: «Այսինքն՝ իմանալ, թե ի՞նչ են անում դպրոցների տնօրենները, ավելի գերակա է, քան այն չգրված կանոնը, որի համաձայն՝ չի կարելի ձայնագրել եւ հրապարակել հեռախոսային խոսակցություննները՝ առանց թույլտվության»,-իր մոտեցումն է ներկայացնում Իոանիսյանը:
Նա վստահեցնում է՝ չի խախտվել որեւէ օրենք, ավելին՝ մեր օրենսդրության մեջ չկա նման սահմանափակում, որը կարգելի հեռախոսային խոսակցության կողմերից մեկին հրապարակել ձայնագրությունը: «Կա սահմանափակում, եթե այն վերաբերում է ընտանեկան գաղտնիքին: Սակայն այստեղ չկան անձնական տվյալներ: Սա ավելի շատ չգրված կանոնների սահմանում է եւ այդ չգրված կոնոնների սահմանում էլ, մենք չենք հրապարակել այն 22 տնօրենների հետ խոսակցությունը, որոնք չեն ընդունել ցուցակագրման կամ ընտրողների վրա ազդեցություն ունենալու փաստը»,-պարզաբանում է բանախոսը:
Տնօրեններին «բացահայտած» Իոնիսյանը է վստահեցնում է՝ բացառապես բոլոր տնօրեններին զանգել են միայն աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին, հիմնականում՝ քաղաքային հեռախոսահամարներին: «Անգամ եղել է դեպք, երբ ասել են՝ տնօրենը գնացել է շտաբ՝ հանդիպման»,-նշում է նա:
Իոանիսյանը փորձում է նաև կանխորոշել ՀՀԿ-ի այն հնարավոր վարկածը, թե տնօրեններն «իրենց արջի ծառայություն են մատուցում»: «Խոսքը 114 տնօրենի եւ 56 չինովնիկի մասին է, ի՞նչ է՝ սա «արջերի բանա՞կ է»: Ակնհայտն է, որ գործ ունենք ամբողջ համակարգի հետ, ակնհայտ է, որ բուրգ է գործում եւ տնօրեններն այս ամենն սեփական նախաձեռնությամբ չեն անում»,-համոզված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավարը: