ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
29 Mar 2017

Մեզ միանգամայն ուրիշ Հայաստան է պետք. Հրանտ Բագրատյան

Պարտքերը, որ կուտակում է Հայաստանը եւ կուտակում է ոչ ճիշտ կառուցվածքով, վտանգավոր են. «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյան:

 

Ի՞նչ կլինի, եթե իշխանության գան «Ազատ դեմոկրատներ»-ը:  Կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Հրանտ Բագրատյանը, որը նաեւ «Ազատ դեմոկրատներ»-ի վարչապետի թեկնածուն է, ընդգծում է՝ վերնախավի առնվազն կեսը կազատվի աշխատանքից: «Դատավորների 100 տոկոսը կազատվի աշխատանքից, Ազգային անվտանգությունն ամբողջությամբ կազատվի: Ուրիշ ճար չկա. այս մարդկանց փոխել հնարավոր չէ, մեզ ուրիշ Հայաստան է պետք»,-նշում է Բագրատյանը:

«Հայ ազգային կոնգրես» դաշինքով պատգամավոր ընտրված  Բագրատյանը խոստովանում է՝ օրենսդրական դաշտում 95 տոկոս դեպքերում չեն կարողացել արդյունավետ լինել:  Այսուհանդերձ, նա հիշատակում է մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնք կյանքի են կոչվել են իրենց ջանքերով: «Եթե մենք չլինեինք, չէինք ունենա  «Շրջանառության  հարկի մասին» օրենքը, որը փոքր-ինչ թեթեւացրեց մարդկանց վիճակը, չէր շտկվի «Տեղեկատվական տեխնոլոգիաների» մասին օրենքը: Այլանդակ ձեւով տարածված կլիներ Կուտակային կենսաթոշակային համակարգը, որն աղետ է երկրի համար»,-վստահեցնում է բանախոսը:

Տնտեսագետ Բագրատյանն անդրադառնում է նաեւ Հայաստանի կուտակած պարտքերին, որոնք նա խիստ վտանգավոր է համարում:  «Ինձ համար դեֆոլտի երկիր են այն բոլոր երկրները, որոնք պարտք են վերցնում՝ հին  պարտքերը փակելու համար: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, անհեթեթ ձեւով, չգիտես ինչո՞ւ շտապելով, փակվեց  500 միլիոն ռուսական վարկը՝ ավելի քան 7 տոկոսանոց եվրոբոնդերով: «Օֆշոր-մոֆշոր». սրանց համար պետք է պատասխան տա, անպայման, սրանք հանցագործություններ են, կոնկրետ հանցագործություններ»,-շեշտում է պատգամավորի թեկնածուն: