Անկախ Հայաստանի պատմության մեջ բոլոր ընտրությունները կեղծված են. Ավետիք Իշխանյան
Մարդու իրավունքների մասին խոսելիս՝ նախեւառաջ պետք է հաշվի առնվի երկու կարեւորագույն սկզբունք՝ ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը: Հենց այս երկու բաղադրիչից էլ բխում է մարդու իրավունքների պաշտպանությունը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով Հայաստանում մարդու իրավունքների մասին, նախ կարեւորում է այդ երկու սկզբունքների մասին գնահատական տալը: «Ժողովրդավարություն. այսինքն՝ ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորում: Ես համոզված պնդում եմ, որ Հայաստանում այս բաղադրիչը ձախողված է. անկախ Հայաստանի պատմության մեջ բոլոր ընտրությունները կեղծված են: Հայաստանում ընտրության միջոցով դեռեւս չի եղել իշխանափոխություն»,-շեշտում է Իշխանյանը:
Ինչ վերաբերում է իրավական պետությանը, ապա բանախոսի ներկայացմամբ, չնայած այն անմիջականորեն կապված է ժողովրդավարությանը, այնուհանդերձ, կարող ենք առանձին դիտարկել: «Իրավական պետության մասին խոսելիս՝ պետք է նկատի ունենանք իշխանության տարանջատումը: Եթե մենք չունենք իշխանությունից «պորտալարը» կտրված դատական իշխանություն, ապա մենք ունենք դատական համակարգ, այլ ոչ թե դատական իշխանություն»,-պարզաբանում է կոմիտեի նախագահը:
Նման պայմաններում էլ Ավետիք Իշխանյանը բնական է համարում մարդու իրավունքների ոտնահարումը: «Նման համակարգում չի կարող չխախտվել մարդու իրավունքները: Մենք ունենք ընտրովի արդարադատություն, այսինքն՝ յուրայինների համար ամեն ինչ, օրենքները՝ հակառակորդների համար, այստեղից էլ սկիզբ է առնում յուրայինների անպատժելիությունը»,-ընդգծում է բանախոսը:
Իշխանության տարանջատման խնդիրների, այդ խնդիրների խորքային պատճառների եւ հնարավոր լուծումների մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: