ՊԱՐԱԴԻԳՄ
19 Apr 2017

Այս ընտրություններում էական ազդեցություն ունեցան «լատենտային» հանցագործությունները. փաստաբան Նորայր Նորիկյան

Ընտրակաշառք երեւույթը՝ երկկողմանի հանցագործություն է, որն ամրագրված է ՀՀ Քրեական օրենսգրքում: Թե՛ ընտրակաշառք տվողը, թե՛ վերցնողը ենթակա են քրեական պատասխանատվության:

 

Խորհրդարանական վերջին ընտրությունները թե բովանդակությամբ, թե ձեւով տարբերվում են մինչեւ օրս Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից:  Փաստաբան Նորայր Նորիկյանն այս ընտրությունների բացառիկությունը համարում է այն, որ դրանց արդյունքում, նոր Սահմանադրությամբ, ձեւավորվելու է երկրի «քաղաքական հայելին»: «Հետեւաբար՝ ամբողջ հասարակության գերուշադրության կենտրոնում ոչ այդքան ընտրությունների ընթացքն էր, որքան վերջնարդյունքը»,-շեշտում է նա:

Փաստաբանի խոսքով՝ ընտրությունների վերաբերյալ այս պահին կարող ենք արձանագրել միայն հետեւյալը՝ սա միակ ընտրություն էր, որը հիմք չտվեց հետընտրական պրոցեսներին: «Այսինքն՝ զանգվածային այն առերեւույթ ընտրախախտումները, որոնք միշտ եղել են, այս անգամ չարձանագրվեցին: Այսուհանդերձ, ես հեռու եմ այն մտքից, որ այս ընտրություններն անցել են իդեալական պայմաններում, քանի որ այս անգամ առավել էական ազդեցություն ունեցան «լատենտային» հանցագործությունները, որոնք, ի վերջո, ազդեցին ընտրությունների արդյունքների վրա»,-պարզաբանում է Նորիկյանը:

Բանախոսի բնորոշմամբ՝ ընտրություններին ընդառաջ հասարակության կողմից չձեւավորվեց համապատասխան հայտ՝ իրական փոփոխություններ անելու համար: Ավելին՝ ընդդիմության դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը եւս չձեւավորեցին իրական իշխանափոխություն սկսելու գործընթաց: «Այսինքն՝ մի մասն ընտրություններին մասնակցեց «օլիմպիական սկզբունքով», մյուս մասն էլ՝ անցողիկ շեմը հաղթահարելու համար»,-նշում է փաստաբանը: Զրույցի հետաքրքիր մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: