Արտիստը պետք է լինի անկախ ու հպարտ եւ ոչ պալատական. Նիկա Բաբայան
Արվեստի գործիչներին փչացնում են պաշտոնով, փողով, մեդալ ու կոչումներ տալով: Եթե դու կարգին ու ազատ մարդուն փչացնում ես, ապա դրանում թագավորի ինքնաբավարարություն կա: «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նիկա Բաբայանը համոզված է, որ այս ամենը լուրջ եւ խորքային պատճառներ ունի, ավելին՝ ինչ-որ տեղ նաեւ միտումնավոր է արվում: «Արտիստը պետք է լինի անկախ ու հպարտ եւ ոչ պալատական: Իրոք չգիտեմ՝ լավ է, թե վատ, որ ստեղծագործող մարդը մտնում է քաղաքականություն: Ի վերջո, քաղաքականությունը մասնագիտություն է, դու կարող ես լինել հասարակական գործիչ, բայց՝ ոչ քաղաքական»,-ասում է Բաբայանը:
Մշակութային գործչի խոսքով՝ այս բնագավառը լուրջ եւ խոր ուսումնասիրելիս՝ երկրի պատկերը բաց երեւում է: «Բոլոր նախարարությունները մեդալներ ունեն, քաղաքապետարանը բազմաթիվ մեդալներ ունի: Հասկանում ես, որ ամենը փուչիկ է, ձեւականություն»,-շեշտում է նա: Նիկա Բաբայանը ցավով է նշում, որ քաղաքակիրթ եւ հնագույն պատմություն ունեցող ազգը, բոլոր բնագավառներում, դեռեւս գտնվում է «ահավոր գավառական վիճակում»:
«Պալատական» արվեստագետների անվանական օրինակները, փողոցային համերգների, Երեւանի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի նկատմամբ վերաբերմունքի մանրամասները եւ գնահատականները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: