Արցախյան հակամարտության ներկա իրավիճակն իդեալական է Ռուսաստանի համար. Իսկանդարյան
Մինսկի խումբն արդեն շատ վաղուց չի զբաղվում արցախյան հակամարտության կարգավորման հարցով. այն զբաղվում է հակամարտության մենեջմենթով: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը շարունակում է եւ հստակեցնում՝ այն փորձում է այդ հակամարտությունը ոչ թե կարգավորել, այլ լարվածությունը հասցնել նվազագույնի: «Որովհետեւ այս պահին կարգավորել հակամարտությունը, իսկապես, հնարավոր չէ»,-նշում է նա:
Իսկանդարյանի համոզմամբ, ոչ ոք չի տիրապետում արցախյան հակամարտության կարգավորման քաղաքական գործիքներին, իսկ ոչ քաղաքական գործիքներն ազդեցություն չունեն: «Հասկանալի է, որ կարելի է պարտադրել: Եւ ԱՄՆ, եւ Ռուսաստանը, եւ Ֆրանսիան գերտերություններ են. ուղղաթիռներ, ինքնաթիռներ, «Ռենջերներ», ռումբեր որքան ասես: Միայն թե նրանք չեն գա ոչ մեկին պարտադրելու. Արցախի ժամանակը չունեն, եւ եթե 2008 թվականին չգնացին Վրաստանին փրկելու, ապա Արցախ հաստատ չեն գա»,-ընդգծում է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսաստանին, ապա, ըստ Իսկանդարյանի, այդ երկրի համար ներկա իրավիճակը գրեթե իդեալական է: «Ռուսաստանին այս տարածքում հարկավոր չէ երկու բան, ես բացմիցս ասել եմ. նրան հարկավոր չէ պատերազմ եւ հարկավոր չէ խաղաղություն: Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով, որովհետեւ եւ խաղաղությունը, եւ պատերազմը կթուլացնեն ռուսների ազդեցությունը տարածաշրջանում»,-պարզաբանում է բանախոսը:
Իսկ թե ինչո՞ւ է Ռուսաստանը պետք Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին՝ կիմանաք դիտելով «Պարադիգմ» հաղորդումը: