Կովկասյան տարածաշրջանում գլուխ է բարձրացնում իսլամական ծայրահեղականությունը. Սարգիս Գրիգորյան
Կովկասյան տարածաշրջանում ակտիվանում է եւ գլուխ բարձրացնում իսլամական ծայրահեղ արմատականությունը: Այդ զարգացումների մաս է կազմում նաեւ Ադրբեջանը: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը հավելում է, որ Կովկասում կան հատվածներ, որոնք համարվում են ծայրահեղ իսլամիստների որջեր, «Իսլամական պետություն»-ն ունի անմիջական ներկայություն Կովկասում: «Այս ակտիվացող իսլամական ծայրահեղականությունը ենթադրում է նաեւ կովկասցիների շրջանում գաղափարների տարածում: Այդ զարգացումների մաս է կազմում նաեւ Ադրբեջանը, եւ շատ հնարավոր է, որ հետագայում արցախյան հակամարտության մեջ տեսնենք նաեւ այդ գաղափարներով առաջնորդվողներ, որոնք կփորձեն նաեւ կրոնական երանգ տալ հակամարտությանը»,-նկատում է արաբագետը:
Սարգիս Գրիգորյանը, այսուհանդերձ, համոզված է, որ Հայաստանում չկա ահաբեկչության վտանգ: «Հիմանական ռիսկը կապված է մեր համայնքների հետ, ինչպես նաեւ դրսի մեր պատմամշակութային հուշարձանների հետ, որոնք Հայաստանի մաս են կազմում եւ վտանգված են»,-ասում է բանախոսը:
Ինչ վերաբերում է ընդհանրապես ահաբեկչություններին, ապա արաբագետը ցավով նշում է, որ այսօր ահաբեկչությունը շաղկապված է իսլամի հետ: «Սա փաստ է,ցավոք, սակայն ես միշտ նշում եմ՝ ոչ բոլոր ահաբեկիչներն են մուսուլման եւ ոչ բոլոր մուսուլմաններն են ահաբեկիչ: Իսլամը վատ կրոն չէ, բայց կան առանձին շերտեր, որոնք փորձում են իսլամում արծածված արմատական գաղափարները յուրովի մեկնաբանել»,-հավելում է Սարգիս Գրիգորյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: