Մենք մեզ չենք սիրում, մենք ուզում ենք մեզ վերացնել. Վոլոդյա Ավետիսյան
Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության ներքո մարտական ուղի անցած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 2013 թվականին ակտիվ պայքար է սկսում ազատամարտիկների սոցիալական և առողջական խնդիրների լուծման համար: Ամիսներ անց, նա ձերբակալվում է, այնուհետեւ դատապարտվում է 6 տարվա ազատազրկման:
2017 թվականի մայիսին վաղաժամ ազատ արձակված Ավետիսյանն ընդգծում է՝ կյանքի ամենադժվարը շրջանը եղել է ազատամարտի տարիները: «Արել եմ ամեն ինչ, որ չպարտվենք: Պարտությունն ինձ համար մահ կլիներ, եւ նշանակություն չունի, եթե ֆիզիկապես ողջ մնացած լինեի»,-նկատում է նախկին ազատամարտիկը: Վոլոդյա Ավետիսյանը հաղթանակի ամենամեծ բերկրանքը զգացել է Քարվաճառի ազատագրման ժամանակ:
Ազատամարտիկների նկատմամբ սոցիալական անարդարությունը չհանդուրժող Ավետիսյանը վերահաստատում է՝ շարունակելու է պայքարը: «Չէի ասի՝ փրկիչ եմ, բայց որպես հայ մարդ, ինչ հնարավոր է պետք է անեմ՝ երկիրն օրենքով երկիր դարձնելու համար: Չլինենք արդար, չենք լինի հզոր»,-շեշտում է պահեստազորի գնդապետ Ավետիսյանը: