ՊԱՐԱԴԻԳՄ
09 Jun 2017

Ազգային ժողով չեն անցել այն ուժերը, որոնք պայքարում էին Սահմանադրական փոփոխությունների դեմ. Լեւոն Զուրաբյան

ԱԺ ընտրությունը գործարքը էր, մանդատների բաշխում՝ Սերժ Սարգսյանի գլխավորած մրցանակային հանձնաժողովի կողմից:

 

Սերժ Սարգսյանի քաղաքական համակարգի ամրությունը երբեք այդքան ուժեղ չի եղել, որքան այսօր: Այլ հարց է՝ ի՞նչ գնով է դա ձեռք բերվել: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը շտապում է պատասխանել իր հարցադրմանը՝ այդ իշխանությունն ամրապնդվել է ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, անվստահության խորացման, արտագաղթի ահագնացման հաշվին:

«Սա մարտահրավեր է, առավել եւս, որ առկա է ռազմական վտանգ: Այն միջավայրում, որտեղ կա ներքին քաղաքական համակարգի փտածություն, տնտեսական զարգացման անհեռանկարային վիճակ, արտաքին մարտահրավեր, մեր վերնախավը չունի ոչ մի ծրագիր, դրանք հաղթահարելու ձեւ, ինչը նշանակում է, որ որքան էլ ուժեղ թվան Սերժ Սարգսյանի դիրքերը, այդ ամենը կարող է  շատ արագ փոխվել եւ ստեղծվել «ֆորս մաժորային» իրավիճակ, արդյունքում՝ շատ արագ պարզվի, որ այդ ամենը Գոլիաֆի հզորություն էր»,-ընդգծում է նա:

Այդ քաղաքական համակարգի ամրության սյուներից մեկը՝ ներկա խորհրդարանը, ըստ ՀԱԿ-ի փոխնախագահի, ձեւավորվել է այն ուժերից, որոնք ակտիվորեն կամ պասիվ ձեւով ընդունեցին Սահմանադրական փոփոխությունների արդյունքները: «Բոլոր այն ուժերը, որոնք պայքարեցին այդ փոփոխությունների դեմ, այսօր Ազգային ժողովում չեն: Պարզ է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքն այն գործարքն էր, որը քաղաքական ուժերը կայացրին Սերժ Սարգսյանի հետ: Դժվար է դա ընտրություն կոչելը. այն մանդատների բաշխում էր Սերժ Սարգսյանի գլխավորած մրցանակային հանձնաժողովի կողմից»,-ասում է Զուրաբյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: