ՊԱՐԱԴԻԳՄ
16 Jun 2017

Ադրբեջանի եւ Ռուսաստանի մոդելները լիովին համապատասխանում են մեկը մյուսին. Հովհաննես Իգիթյան

Ռուսական լրատվամիջոցները վաղուց միայն քարոզչության համար են:

 

Ռուսաստանում գոյություն չունի խոսքի ազատություն: Ռուսական լրատվամիջոցները վաղուց միայն քարոզչության համար են: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի համոզմամբ՝ ՌԴ-ն գնալով մեկուսացվում է արտաքին աշխարհից: «Երբ որեւէ երկիր շեղվում է կամ դուրս մնում մարդու իրավունքների ընդունված չափորոշիչներից, ժողովրդավարական ինստիտուտների համակարգից, ապա ներկայացնում է, թե գնում է սեփական ուղիով: Սրա լավագույն օրինակը Հյուսիսային Կորեան է: Ռուսաստանը գնում է հենց այս ճանապարհով»,-նշում է նախկին պատգամավորը:


Իգիթյանը համոզված է՝ 21-րդ դարում մեկուսանալ եւ զարգանալ, հնարավոր չէ: Բացի այս ամենից, Ռուսաստանին չի հետաքրքում միջազգային հանրության կարծիքը: «Ռուսաստանին չեն հարգում, այլ ուղղակի վախենում են, որ կանցնի քաղաքակիրթ բոլոր սահմանները, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ինչի կարող է գնալ Պուտինը»,-ընդգծում է բանախոսը:


Ռուսաստանի նման երկրներում, որտեղ բացակայում է քաղաքական դիսկուրսն ու չկա գաղափարների պայքար, ըստ Իգիթյանի, հնարավոր չէ ընդդիմություն ունենալ: «Ռուսաստանում ընտրություններով որեւէ բան չի որոշվում: Մենք հեգնում ենք ասիական երկրներին, որտեղ իշխանությունը ժառանգաբար է փոխանցվում. ուղղակի Պուտինը տղա չունի եւ նրա «ռեզերվային» տարբերակը Մեդվեդեւն է»,-նկատում է նա:


Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Իգիթյանի խոսքով՝ երկու երկրների միջեւ գործակցությունը միակողմանի է, ավելին՝ Ռուսաստանն ավելի պրոադրբեջանական է: «Ադրբեջանի մոդելը եւ Ռուսաստանի մոդելը լիովին համապատասխանում են մեկը մյուսին, ինչպես Սիրիայի, Հյուսիսային Կորեայի մոդելները»,-ասում է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: