Հայաստանն ունի բանակ եւ ընդունակ է իրեն պաշտպանելու. Յուրա Նավոյան
Հայաստանն ունի բանակ եւ Հայաստանը պաշտպանված է: Ռուսաստանում գործող «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Յուրա Նավոյանը համոզված է՝ Հայաստանն ընդունակ է եւ կարող է սեփական ուժերով պաշտպանել իրեն, բացի դրանից, ՀՀ-ն երբեք պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը: «Հայ-ռուսական հարաբերությունների առումով ես սթափ լավատես եմ: Հայ-ռուսական հարաբերությունները ժամանակավոր բնույթ չեն կրում, եւ դրանք, իրոք, ռազմավարական բնույթի են, հեռանկարային եւ ընդգրկում են մեր ժողովրդի, հավանաբար նաեւ Ռուսաստանի ժողովրդի, կենսագործունեության բոլոր ոլորտները՝ ռազմաքաղաքական, տնտեսական, հումանիտար»,-նշում է նա:
«Դիալոգ»-ի խնդիրը, ըստ կառույցի ղեկավարի, հենց Հայաստանի եւ Ռուսաստանի փոխադարձ օգտակարության մասին հիմնավորումն է: «Թե Երեւանից, թե Մոսկվայից մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը կատարելագործվելու խնդիր ունի, որպեսզի ինստիտուցիոնալ առումով համապատասխանի միջազգային երկու սուբյեկտների արժանապատիվ հարաբերություններին»,-ասում է Յուրա Նավոյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: