Ուկրաինան դատապարտել է ուկրաինացի վարձկան դիպուկահարներին. Ալեքսանդր Բոժկո
Ուկրաինան ԱՊՀ երկրներից առաջինն էր, որ հատուկ օրենք ընդունեց վարձկանների դեմ: Եւ նրանք, ովքեր փողի դիմաց եւ փողի համար կռվում էին արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից, ազատազրկվեցին Ուկրաինա վերադառնալուց հետո: Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ընդգծում է, որ այդ դատավարությունը լայնորեն լուսաբանվում էր ուկրաինական մամուլում, սակայն Հայաստանում այդ մասին չէր բարձրաձայնվում: «Ես զարմանում էի, որ Հայաստանում արձագանք չկար: Ախր դա հետաքրքիր էր հայերի համար, բայց երեւի որոշ քաղաքական ուժերին ձեռնտու էր, որ ուկրաինացիներն ընկալվեին որպես վարձկաններ»,-ցավով նշում է նախկին դեսպանը:
Ալեքսանդր Բոժկոյի համար ցավալի է նաեւ այն, որ Հայաստանն ու Ուկրաինան չունեն ընդհանուր աշխարհաքաղաքական հայեցակարգ: «Նախկինում մեր նպատակները համընկնում էին, հիմա ինձ համար որոշ չափով հանելուկ է, թե ուր պետք է շարժվի Հայաստանը: Ուկրաինայի դեպքում պարզ է. մենք շատ բարձր գին ենք վճարել եվրոպական ուղղության համար: Հայաստանի դեպքում այնքան էլ պարզ չէ»,-նշում է նա:
Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների նվազման, ռուս-ուկրաինական հարաբերությունների եւ այլնի մասին՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: