Ավանդական պանրի վերածնունդը
Լավագույն նորը մոռացված հինն է: Մարտունեցի Թորոսյանների ընտանիքը նոր շունչ է տվել ոնչացման եզրին հայտնված հայկական «Մոթալ» պանրի 400-ամյա ավանդույթին: «Մոթալ»-ն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, ավանդաբար պատրաստում են այծի, այժմ նաև՝ կովի կաթից:
Երկու ամիս աղաջրում հասունացած պանիրը մանրացվում է, շաղախվում լեռնային բույսերով և խտացվում կավե գլազուրապատ կճուճներում: Հետո կճուճները թաղվում են մոխրի մեջ, որ լավ քամվեն և ազատվեն օդից: Այնուհետեւ, մեկ ամիս անց, արդեն հասունացած պանրի կճուճները զմռսվում են բնական մեղրամոմով:
Ավելի քան 10 տարի եվրոպական շուկայում պատվով ներկայանալուց և բազմաթիվ մրցանակների արժանանալուց հետո «Մոթալ»-ի արտահանումը Եվրոպա վերջին տարիներին դադարեցվել է. Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներին արգելվել է կաթնամթերք արտահանել Եվրոպա: Եվրոպական շուկայում «Ռոքֆոր»-ի և «Պարմեզան»-ի հետ մրցակցող «Մոթալ»-ն այսօր կիսափակուղային իրավիճակում է: