Եվրամիության հետ համաձայնագիրն ինչ հնարավորություններ է բացում Հայաստանի առջեւ. Ստեփան Գրիգորյանի մեկնաբանությունը
Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանը կսկսի Հայաստանին ավելի հարգալից վերաբերվել: «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը հավելում է՝ այս պայմանագրում առկա են այլընտրանք ստեղծող կետեր: «Ռուսաստանը շատ հետաքրքիր երկիր է: Ռուսական էլիտան հարգում է քեզ, եթե դու ունես ընտրության հնարավորություն: Օրինակ՝ ռուս-վրացական լարված հարաբերությունները. չեք պատկերացնում, թե ինչ լրջագույն հարգանք կա վրաց էլիտայի նկատմամբ: Վրաստանն ապացուցեց, որ կարող է արդյունավետ պետություն ստեղծել՝ առանց Ռուսաստանի»,-ընդգծում է քաղաքագետը:
Ստեփան Գրիգորյանը կասկած չունի, որ Եվրամիության հետ կնքած այս համաձայնագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, բայց կարող է Ռուսաստանի մեջ հարգանք առաջացնել Հայաստանի նկատմամբ: «Այս համաձայնագիրը «եւ-եւ»-ի հնարավորություն է տալիս, չնայած մենք դեռ սիմետրիկ իրավիճակում չենք, բայց սա թույլ է տալիս մի փոքր վերադառնալ «եւ-եւ»-ի»,-ասում է Ստեփան Գրիգորյանը:
Ինչպե՞ս է Հայաստանը համադրելու երկու հակասական վեկտորները, ի՞նչ հնարավորություններ է բացում Հայաստանի առջեւ այս համաձայնագիրը, ԵՏՄ-ի արդյունավետության եւ այլնի մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: