ՊԱՐԱԴԻԳՄ
14 Dec 2017

ՀՀ նախագահի աղմկահարույց հայտարարության հետքերով. փաստաբան Նորայր Նորիկյանի մեկնաբանությունը

ՀՀ նախագահը որեւէ իրավասություն չունի որեւէ համայնքապետի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունը ներելու:

 

ՀՀ նախագահն իր վերջին ելույթում բոլորովին այլ նպատակներ է հետապնդել եւ խորամուխ չի եղել իրավական հնարավոր արձագանքների մեջ: Փաստաբան Նորայր Նորիկյանը հավելում է՝ հասարակությունը պետք է սրան ադեկվատ արձագանքի, «ինչն էլ անում է հանրության ադեկվատ հատվածը»:


«Իրականում, ՀՀ նախագահը որեւէ իրավասություն չունի որեւէ համայնքապետի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունը ներելու, որեւէ մարզպետ կամ որեւէ նախարար իրավունք չունեն անգամ հանդգնելու, համարձակվելու նման միջնորդություն անել նախագահին: Դա իշխանության յուրացում է, ինչը չեմ վախենա ասելու, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ քրեորեն պատժելի արարք է»,-ասում է փաստաբանը:


Նորայր Նորիկյանը զարմանքով նկատում է, որ նախագահի խորհրդականներն ու մասնագետները պետք է առնվազն իրազեկած լինեին նրան՝ նման հնարավոր արձագանքների վերաբերյալ: «Չնայած կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը տասը տարի ղեկավարած անձը պետք է որ իր իրավասությունները շատ լավ իմանար, պետք է իմանար, որ որեւէ մեկին, ենթադրելի հանցագործություն կատարած որեւէ անձի ներելու իրավասություն չունի»,-շեշտում է նա:


Տարընթերցում չառաջանալու համար Նորիկյանը հստակեցնում է՝ ցանկացած երկրում նախագահն օժտված է դատապարտյալին ներելու բացառիկ իրավասությամբ, որը միանգամայն այլ կարգավիճակ է: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: