«Բելառուսի նման բռնապետությունն ավելի լավ է, քան Ուկրաինայի նման ժողովրդավարությունը». Լուկաշենկո
Բելառուսի նման բռնապետությունն ավելի լավ է, քան Ուկրաինայի նման ժողովրդավարությունը։ Այս մասին Սուրբ Ծննդյան օրը եկեղեցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
Խոսելով արտաքին տարբեր մարտահրավերների պայմաններում երկրի զարգացման մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այս տարիների ընթացքում «մենք քայլել ենք բարակ սառույցի վրայով, բայց երբեք չենք կոտրել սառույցը և չենք ընկել այս սառցե ջրի մեջ»։
«Սա է մեր գլխավոր ձեռքբերումը»,- ընդգծեց նա։ «Եթե մեզ ներքաշեն պատերազի մեջ, կստեղծվի բարդ իրավիճակ, և մենք՝ որպես պետություն, կարող ենք չդիմանալ: Հետևաբար, ես ամեն ինչ անում եմ համբերատար, համառորեն, ինչպես Տերն ու եկեղեցին են սովորեցնում...
Եվ թող խոսեն, թե մեզ մոտ բռնապետություն է: Ավելի լավ է Բելառուսի պես բռնապետություն, քան Ուկրաինայի պես ժողովրդավարություն», - ասել է Բելառուսի նախագահը։ Նա հավելել է, որ Բելառուսում խաղաղություն է, ինչը դուր չի գալիս ոչ բարեկամական պետություններին:
«Ուստի, ցանկանում են մեզ պատերազմի մեջ ներքաշել: Ինչո՞ւ է Վոլոդյա Զելենսկին իրեն այդպես պահում: Չէ՞ որ մենք նրա հետ նորմալ, լավ հարաբերություններ ունեինք: Հիմա ի՞նչ է նրա ուզածը: Նրան հրահանգ են տվել՝ պետք է ամեն ինչ անել, մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար», - ասել է Լուկաշենկոն:
Աղբյուրը՝ Yerkir.am