ՊԱՐԱԴԻԳՄ
26 Dec 2017

Հայաստանը «չորացել» է ներդրումների համար. Բագրատ Ասատրյան

Չնայած տնտեսական աճին՝ ՀՀ-ում կյանքի որակի փոփոխություն չի արձանագրվել:

 

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկնարկն ամբիցիոզ էր, բայց իրատեսական ծրագրերով: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը շարունակում է եւ հավելում՝ չնայած պաշտոնական վիճակագրությամբ տնտեսական ցուցանիշերը կանխատեսածից ավելին էին, այդուհանդերձ, Հայաստանում կյանքի որակի փոփոխություն չի արձանագրվել:


«Այս ծրագրերի առանցքը տարեցտարի նույն է մնում՝ կոռուպցիայի, մենաշնորհի դեմ պայքար: Սրանք խոչընդոտներ են, որոնց վերացնելը դեռևս տնտեսության զարգացման երաշխիք լինել չեն կարող: Արդեն ժամանակն է այս տեսանկյունից մոտենալ կառավարության առաջարկած ծրագրերին»,-ասում է Բագրատ Ասատրյանը:


Տնտեսագետը հիշում է Սերժ Սարգսյանի 2008 թվականի նախընտրական ծրագիրը, որտեղ արտահանման ծավալները 2012 թվականի համար նախատեսվում էր հասցնել մինչև 4 միլիարդի, մինչդեռ այդ ցուցանիշի կեսը՝ 2 միլիարդը, 2017 թվականին մատուցվում է որպես նվաճում:


Այս համատեքստում Բագրատ Ասատրյանը իրատեսական չի համարում Սերժ Սարգսյանի՝ 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալու մասին հայտարարությունը: «ՀՀ բոլոր մարզերի բնակչությունը նվազում է: Մենք ունենք սահմանամերձ շրջաններ, որոնք Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեն: Անգամ այնպիսի երևույթի հետ ենք բախվել, երբ մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիությանը, այսինքն՝ բնական հավելաճ չունենք»,-նկատում է տնտեսագետը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ»-ում: