Պատերազմի հավանականությունը շատ բարձր է ու ավելի է բարձրանում. Ստեփան Գրիգորյան
Ամփոփելով բոլոր առկա գործոնները՝ հասկանում ես, որ Ադրբեջանի տեսանկյունից հիմնախնդրի լուծման միայն մի տարբերակ կարող է լինել՝ ուժով վերադարձնել տարածքները: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հավելում է՝ Ադրբեջանը նոր է գիտակցում, որ կորցրել է Արցախը: «Այն, որ Ադրբեջանը դժգոհ է, չի ուզում բանակցել, բոլորս էլ գիտենք: Սակայն վերջին ժամանակներս, նրանք նոր-նոր սկսեցին հասկանալ, որ կորցրել են Արցախը: Մենք դա վաղուց գիտեինք, բայց նրանք նոր են հասկացել կամ մեկը հուշել է, դրա համար էլ նյարդայնացած են, ուզում են արագացնել արդյունքները, որն էլ բերում է պատերազմի»,-ասում է բանախոսը:
Պատերազմի տանող գործոններից քաղաքագետ Գրիգորյանն առանձնացնում է նաեւ Թուրքիայի գործոնը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ հասցեական հայտարարությունները, «որոնք եւս ոգեւորում են Ադրբեջանին»: «Պնդում եմ, որ վտանգները շատ մեծ են ու այս անգամ, եթե Ադրբեջանը գնա որեւէ քայլի, ապա կփորձի ավելի երկարաժամկետ պայքար տանել եւ հարցը վերջնականորեն լուծել: Այդ ավանտյուրային նրանք կգնան»,-վստահ է նա:
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը նման արմատական քայլի կարող է գնալ ապրիլյան ընտրություններից հետո: «Այդ վտանգները կան ու պետք է փորձել դրանք կանխել: Ավելի լավ է հիմա աղմուկ բարձրացնենք, ասենք այդ մասին ու կանխարգելիչ ինչ-ինչ միջոցառումներ ձեռնարկենք»,-ընդգծում է Ստեփան Գրիգորյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: