ՊԱՐԱԴԻԳՄ
05 May 2018

Ժողովրդի ձեռքից խլել էին ընտրելու իրավունքը և թողել միայն փողոցի տարբերակը. Արմեն Գրիգորյան

Հայաստանյան հեղափոխությունը ֆանտաստիկայի ժանրից է:

 

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, իսկապես, մի տեսակ ֆանտաստիկայի ժանրից է: Մի ամիս առաջ շատ դժվար կլիներ մարդկանց համոզել, որ կարող է նման բան տեղի ունենալ: «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը, վերլուծելով վերջին շաբաթների իրադարձությունները, ընդգծում է՝ սա տեղի ունեցավ, քանի որ բազմաթիվ մարդիկ երազել են այս մասին: «Մի քանի շատ ֆունդամենտալ բան է փոխվել, ամենակարեւորը՝ մարդկանց մեջ հույս է արթնացել, սկսել են հավատալ սեփական ուժերին: Ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուր մարդ այն իրենն է համարում, զգում է, որ դա իր հեղափոխությունն է»,-նշում է բանախոսը՝ հավելելով, որ այս հեղափոխությունը հնարավոր չէ խլել որեւէ մեկից:
Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ հեղափոխությունը «դե ֆակտո» տեղի է ունեցել, մնացել է այն ամրագրել «դե յուրե»: «Առաջին փուլը մայիսի 8-ին է, հույս ունեմ, որ հանրապետականները կընտրեն, հետո ազատ, արդար ընտրություններն են, որպեսզի հեղափոխությունը «դե յուրե» ամրագրվի: Ցանկացած հեղափոխություն պետք է ամրագրել ազատ, արդար ընտրություններով եւ հիմք ստեղծել, որ այլեւս նման ճգնաժամ չլինի: Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ նախկինում ազատ, արդար ընտրություններ չեն եղել»,-նկատում է նա:
Գրիգորյանն ընդգծում է նաեւ, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնելու երկու տարբերակ ունի՝ ընտրություններ եւ փողոց: «Ընտրությունները մեր ձեռքից խլել են, թողել են միայն փողոցը»,-ասում է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: