ՊԱՐԱԴԻԳՄ
26 May 2018

ՀԱԿ-ը հավակնում է հաջորդ խորհրդարանում դեմոկրատական հակակշիռ լինելու դերին. Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ-ն աջակցելու է Փաշինյանի իշխանությանը երկու առաջնահերթային խնդիրների լուծման հարցում:

Ինչպե՞ս է դիրքավորվում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկա գործընթացներում: Արդյոք այն մասնակցելո՞ւ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այս հարցադրմանն ի պատասխան նախ ընդգծում է՝ պետք է աջակցենք Փաշինյանի իշխանությանը երկու առաջնահերթային հարցերում:

«Առաջին՝ արտահերթ ընտրությունների հարցում, որոնք պետք է լինեն մաքուր, առանց ընտրակաշառքի ու ճնշումների, երկրորդ՝ դեմոկրատական հակակշռի ձեւավորման հարցում: Իդեալական պատկերում մենք պետք է ունենանք պառլամենտ, որտեղ, այո, կա մեծամասնություն, այսինքն՝ այն ուժը, որը հեղափոխություն է կատարել ու օրակարգն առաջ է տարել, բայց պետք է լինի նաեւ հակակշիռ»,-ասում է կուսակցության փոխնախագահը:

Այս պարագայում քաղաքական ո՞ր ուժը կարող է լինել այդ հակակշիռը: Լեւոն Զուրաբյանը միանգամից բացառում է ՀՀԿ-ի՝ հակակշիռ լինելու հնարավորությունը: «Նրանք մինչեւ «վարդապետի խազը» վարկաբեկված են եւ ոչ մի ռեինկարնացիայով չեն կարող ընկալվել որպես ընտրությանն արժանի ուժ»,-վստահ է քաղաքական գործիչը:

Ի  վերջո, Զուրաբյանը հավելում է՝ ՀԱԿ կուսակցությունը ոչ միայն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այլեւ կհավակնի հենց այդ հակակշիռը լինելու դերին: «Եթե մենք խոսում ենք ոչ թե ժողովրդավարության միանվագ պոռթկման մասին, այլ հարատեւ ժողովրդավարության ստեղծման մասին, որն ամենակարեւոր նպատակն է, ապա մեր նպատակը հենց դրա մեջ ենք տեսնում»,-եզրափակում է ՀԱԿ կուսակցության փոխնախագահը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: