ՊԱՐԱԴԻԳՄ
06 Jun 2018

Թեւան Պողոսյանն ու Ալեն Ղեւոնդյանը՝ արցախյան իրադարձությունների մասին

Եթե անվտանգության առումով Արցախում խնդիր ունենանք, ապա Հայաստանը ֆիզիկապես գոյություն չի ունենա. Ալեն Ղեւոնդյան

 

Արցախում խնդիրները խորքայի՞ն են, ուռճացվա՞ծ, թե՞, գուցե, ոմանք փորձում են իրավիճակից օգտվել: Այս հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը նախ նկատում է՝ Արցախը, մեծ հաշվով, Հայաստանի մանրակերտն է. այն նույն խնդիրները, որոշ սրբագրումներով, որոնք կան Հայաստանում՝ մի քիչ խտացված, մի քիչ ավելի սուր, առկա են նաեւ արցախյան հասարակության մեջ եւ հասարակություն-իշխանություն հարաբերություններում: «Կարծում եմ՝ մեկ գործոնով չի կարելի պայմանավորել այնտեղ ձեւավորված իրավիճակը, եւ այն ունի շարք շերտեր: Կարեւոր է պատճառն առիթից տարբերակել. առիթը կարող է լինել ցանկացած բան՝ կենցաղային վեճից մինչեւ, ասենք, ընտանեկան վեճ, բայց պատճառները, իհարկե, ավելի խորքային են»,-ընդգծում է քաղաքագետը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանն էլ գործոններից առանձնացնում է ժամանակի ընթացքում կուտակված խնդիրները՝ տարբեր վարքագծերից եւ երեւույթներից սկիզբ առած, ինչպես նաեւ նոր սերնդի դերը: «Մի կողմից շատ ուրախ եմ, որ Արցախն ապացուցեց, որ ինքը փակ հասարակություն չէ, այլ կենդանի, որտեղ կարող են բարձրաձայնել խնդիրները, չկան նախկին  պատկերացումները, որ այնտեղ խնդիրները ոչ թե բարձրաձայնում են, այլ փորձում են ծածկադմփոց անել»,-ասում է Թեւան Պողոսյանը: Նա նաեւ շտապում է հավելել, որ այսուհանդերձ, պետք է գիտակցել, թե որն է առաջնահերթությունը՝ հասկանալով այն արտաքին միջավայրը, որում գտնվում է Արցախը:

Քաղաքագետ Ղեւոնդյանն էլ ընդգծում է՝ եթե անվտանգության առումով Արցախում խնդիր ունենանք, ապա Հայաստանը ֆիզիկապես գոյություն չի ունենա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: