ՀՀ-ԵՄ համաձայնագրի շնորհիվ Մոսկվան կբարելավի ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունները. Ռիչարդ Կիրակոսյան
«Պարադիգմ» հաղորդման հյուրն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Քննարկման առանցքում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն են, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ու դրա շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մեջ պաշտոնական Մոսկվայի դերակատարությունը: Կիրակոսյանի գնահատմամբ՝ Մոսկվան ևս շահագրգռված է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասնակի խորացմամբ, ինչի շնորհիվ ՌԴ-ն կարող է Հայաստանի միջոցով ոչ միայն համագործակցության եզրեր գտնել ԵՄ-ի հետ, այլև մեծացնել ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահությունը: Խոսելով ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի մասին՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարը առանձնացնում է 3 հիմնական կետ՝ քաղաքական, տնտեսական և անվտանգային: Կիրակոսյանի համար հետաքրքրական է հատկապես համաձայնագրի տնտեսական մասը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ: