Հայաստանում շատերն են չարաշահել իրենց դիրքն ու կուտակել չափազանց մեծ հարստություն. Հայկ Կոնջորյան
Հայաստանում, բացի Մանվել Գրիգորյանից, կան շատ ու շատ մարդիկ, որոնք տարիների ընթացքում չարաշահելով պաշտոնական դիրքը, չարաշահելով ազդեցությունը, կուտակել են չափազանց մեծ հարստություն: «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հավելում է՝ այդ հարստության մի մասն էլ երկրից դուրս է հանվել: «Դա ակնհայտ է, որ Հայաստանոում կան բազմաթիվ այդպիսի մարդիկ, Հայաստանում կան բազմաթիվ զինված խմբավորումներ, որոնք յուրաքանչյուր պահի կարող են այդ զենքերով կրակել: Դրանց մի մասը, տարբեր առիթներով, ներգրավված է եղել ինտրիգային գործընթացներում, ընտրական գործընթացներում, այդ թվում՝ Մանվել Գրիգորյանը»,-ասում է պատգամավորը:
Հայկ Կոնջորյանը վստահեցնում է՝ Մանվել Գրիգորյանը եղել է ՀՀԿ-ի ամենակարեւոր քաղաքական հենարաններից մեկը եւ, որպես ուժային կառույցի ղեկավար, չափազանց մեծ ծառայություններ է մատուցել հանրապետականներին: «Եւ ինձ համար շատ տարօրինակ է, որ հանրապետականներն այսօր ասում են, որ ոչինչ չեն իմացել: Տիրապետելով բոլոր ռեսուրսերին՝ ազգային անվտանգության եւ բոլոր օպերատիվ տվյալներին, հնարավոր չէր, որ ՀՀԿ ղեկավարությունը եւ պետության ղեկավարությունը տեղյակ չլինեին Մանվել Գրիգորյանի մասշտաբային, մեղմ ասած, չարաշահումներին»,-շեշտում է պատգամավորը:
«Ելք» խմբակցության անդամը մեջբերում է ԱԺ-ում իր ելույթից մի հատված, որում հանրապետականներին եւ նախկին իշխանություններին դիմելով՝ ասել է. «Եթե գիտեիք եւ ոչինչ չեք արել, ուրեմն մեղավոր եք, եթե չգիտեիք, ունենալով այն ամբողջ օպերատիվ բազան, ուրեմն մեղավոր եք կրկնակի»: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: