«Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից». Տիգրան Աբրահամյան
«Օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:
Այս միջադեպը նախորդ բոլոր դեպքերից տարբերվում էր նրանով, որ դեպքը տեղի է ունեցել այն բաժնում, որտեղ կարգապահական խնդիրներ ունեցող անձինք են տեղափոխվում և, ըստ տրամաբանության, նրանց հետ անհրաժեշտ աշխատանք է տարվում, բոլոր հարցերը համապատասխան ժամանակահատվածում շտկվում են, ինչից հետո վերոնշյալ զինծառայողները վերադարձվում են իրենց ծառայության վայրեր:
Սակայն, ոչ միայն տեղում անհրաժեշտ աշխատանք չի տարվել, այլ կարգապահական վաշտում տեղի է ունեցել աննախադեպ միջադեպ: Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում:
Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում: Միջադեպի պատճառները հուսով եմ՝ կպարզվեն, սակայն պարզ չէ, թե ինչու մինչև հիմա իր պաշտոնում է Ռազմական ոստիկանության պետը: Կրկնում եմ՝ կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է տեղի ունեցել, սակայն ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է ու որևէ մեկը դեռ պատասխան չի տվել, թե ինչպես է ստացվել, որ խիստ վերահսկողության տակ գտնվող անձը, ըստ պաշտոնական վարկածի, հնարավորություն է ունեցել ինքնասպան լինել:
Ինչո՞ւ է այդ զինծառայողը նման բարոյահոգեբանական վիճակում գտնվել, ինչո՞ւ չի վերահսկվել, ովքեր են պատասխանատու նրան այդ վիճակին հասցնելու համար: Ու ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան