«Ակնհայտ է, Սյունիքի նկատմամբ ագրեսիայի դեպքում Իրանը պատրաստ է նաև ռազմական միջամտության». Վարդան Ոսկան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի այցի ընթացքում կարևոր խնդիրներ են քննարկվել, ընդհանրապես այցը շատ կարևոր էր՝ հաշվի առնելով հայ-իրականական հարաբերությունների կենսական բնույթը, թե մեր, թե Իրանի համար։ Ուստի, նախևառաջ, կարծում եմ բուն այցն է շատ կարևոր և նշանակալի՝ նաև միտված ադրբեջանական կողմին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը։
Նա ընդգծեց, որ Իրանն ունի հստակ դիրքորոշումներ, որոնք վերաբերում են այսպես կոչված՝ «Զանգեզուրյան միջանցքին», որը իրանցիները համարում են կարմիր գիծ և որևէ պարագայում իրենց գործիքակազմի սահմաններում թույլ չեն տալու, որպեսզի այդ կարմիր գիծը խախտվի որևէ կողմից, դա վերաբերում է ոչ միայն Բաքվի բռնապետական վարչախմբին, այլ նաև էրդողանական վարչախմբին։
«Իրանցիները որոշակի անհանգստություններ ունեն տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայության հետ։ Ամեն դեպքում՝ խոսքը վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում։ Իրանական կողմի ընկալումներում քանի որ այդ դիտորդական առաքելության ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներից են, այն դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ական որոշակի ներկայություն, և այս համատեքստում իրանական կողմը իր մտահոգությունները կամ անհանգստությունը բարձրաձայնում է, ընդ որում՝ տարբեր խողովակներով և բաց աղբյուրներով»։
Անդրադառնալով քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի տեղեկատվությանը՝ թե Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ՀՀ-ին ռազմական պայմանագիր է առաջարկել՝ տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ՝ Ոսկանյանն ասաց, որ նման պայմանավորվածությունների մասին կարող են հաստատել կամ հերքել հանդիպումների ներկա անձինք։ Այս պահի դրությամբ՝ պաշտոնական աղբյուրներում տեղեկատվություն չկա նման որևէ պայմանավորվածության, քննարկման կամ խոսույթի մասին։
Հարցին, թե արդյո՞ք նման ռազմական համագործակցության ժամանակը չէ՝ իրանագետը պատասխանեց, որ ինքը հայ-իրակական ռազմավարական դաշինքի ջատագովն է, ընդ որում՝ այդ դաշինքի համար կա շատ հարմար միջավայր։ «Միջավայրը վերաբերում է նախևառաջ հայ-իրանական քաղաքակրթական հարաբերություններին։ Այսինքն, մեր տարածաշրջանում 1000-ամյակների պատմություն և քաղաքակրթություն ունեցող երկու պետություններն՝ ի դեմս Հայաստանի և Իրանի, կարող են ունենալ նման դաշինք։ Ամենևին պարտադիր չէ, որ այդ քաղաքակրթական դաշինքի համատեքստում մյուս բոլոր համագործակցությունները, խոսքը վերաբերում է նաև ռազմաքաղաքական ոլորտին, շատ բացահայտ կերպով հայտարարվեն, սակայն, դրա համար բոլոր հնարավորությունները կան։ Միանշանակ է, որ այդ հարաբերությունները պետք է օգտագործել, որովհետև հայ-իրանական հարաբերությունների ամբողջ բույրը շատ կարևոր դերակատարում ունի Հայաստանի անվտանգային ճարտարապետության շրջանակներում, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզին՝ Իրանը կարող է դերակատարություն ստանձնել՝ թուրք -ադրբեջանական նկրտումները սանձելու գործում։ Այդ հնարավորությունը անպայմանորեն պետք է օգտագործել։ Դա կարող են լինել տարբեր ձևաչափերով, հայտարարվող և չհայտարարվող, մասնավորապես, հակաահաբեկչական պայքարի նպատակներով ստեղծվող կամ ստեղծվելիք համատեղ որևէ կենտրոնի կամ որևէ այլ ձևաչափի շրջանակներում համագործակցության մասին է խոսքը»։
Դիտարկմանը, թե այս համատեքստում ՀՀ քաղաքացիներին ամենահետաքրքրող հարցն այն է, թե Սյունիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի դեպքում, արդյոք, Իրանը ռազմական միջամտություն կամ ներգրավվածություն կունենա, Ոսկանյանը պատասխանեց, որ ակնհայտ է, որ իրանցիները պատրաստ են նաև դրան, սակայն խնդիրը բազմակողմ է և բազմաշերտ է։
«Որևէ մեկը չի կարող ասել, թե հնարավոր ագրեսիայի պայմաններում իրանցիները ինչպիսի ռեսուրսային զբաղվածություն կունենան այլ ուղղություններով, գիտեք Իրանը տարածաշրջանային գերտերություն է և ներգրավված է բազմաթիվ խնդիրներում, օրինակ, Մերձավոր Արևելքում։ Հետևաբար, հարցը բազմաշերտ է և ոչ միանշանակ։
Իմ կարծիքով՝ ՀՀ-ի դեմ ցանկացած ագրեսիայի պարագայում առաջին խոսքը պատկանում է մեր պետության անվտանգային համակարգին՝ իր բոլոր բաղադրիչներով՝ սկսած բանակից, վերջացրած հասարակությամբ, մենք պետք է պատրաստ լինենք նման հանարվոր ագրեսիային։
Սա չի նշանակում, որ հասարակությանը պետք է վախեցնել նման հնարավոր ագրեսիայով, բայց որ նման մարտահրավերի ռիսկը կա՝ միանշանակ է, ուստի նախ՝ մենք պետք է պատրաստ լինենք դրան և այդ պատրաստ լինելու շրջանակն իր մեջ ներառում է նաև այնպիսի դաշինքների կամ համագործակցությունների ձևավորում, որոնք նման հնարավոր ագրեսիայի պարագայում մեզ չեն թողնի առանց դաշնակցի»,-ընդգծեց իրանագետը։
Աղբյուր` Փաստինֆո