ԼՐԱՀՈՍ
16 Jan 2025

«Արդյո՞ք տրամաբանական էր նման փաստաթուղթ ստորագրել գնացող իշխանության հետ»․ Մխիթարյան

«Արդյո՞ք տրամաբանական էր նման փաստաթուղթ ստորագրել գնացող իշխանության հետ»․ Մխիթարյան

«ՀՀ - ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին՝ առանց էմոցիաների

Հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացավ ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։ Ստորագրումից անմիջապես հետո սկսվեցին բուռն քննարկումներ՝ մի կողմից հիացական և հաղթանակի տրամադրությամբ, մյուս կողմից՝ խիստ քննադատող: Բայց երևի թե կարևոր է հասկանալ՝ ի վերջո ի՞նչ էր ստորագրված թուղթը, ո՞րն էր դրա բովանդակությունն ու նորությունը և ամենակարևորը՝ ի՞նչ կտա այն Հայաստանին:

Նախ, ամրագրենք, որ խնդիր ունենք փաստաթղթի անվանման հետ կապված: Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ այն ձևակերպված է որպես U.S.-Armenia Strategic Partnership Commission charter: Հայերեն պաշտոնական թարգմանությամբ՝ «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կանոնադրություն»: Հարց՝ հանձնաժողովի՞ կանոնադրություն, թե՞ գործընկերության կանոնադրություն: Սա գուցե առաջին հայացքից փոքր, բայց կարևոր նյուանս է, որի հետ կապված գոնե մինչև այս պահը չկա պաշտոնական բացատրություն:

Մյուս խնդիրը փաստաթղթի կարգավիճակին է առնչվում և ներպետական վավերացման խնդրին: Դետալների մեջ չմանրանալով՝ զուտ նշենք, որ եթե այն չի անցնում ներպետական վավերացման գործընթաց, ապա, առնվազն, հարցեր են առաջ գալիս իրավական համակարգի մաս լինելու, դրանից բխող արդյունավետության հետ կապված և այլն:

Հաջորդ հարցը. փաստաթուղթը ստորագրվել է արդեն գնացող վարչակազմի հետ և արդյո՞ք մի քանի օրից իշխանությունը ստանձնող վարչակազմը հաշվի է առնելու այն, արդյո՞ք վավերացնելու է, եթե, կրկնեմ, ընդհանրապես նախատեսվում է նման ընթացակարգ: Գաղտնիք չէ, որ Թրամփի արտաքին քաղաքական գերակայություններն էապես տարբերվում են Բայդենի քաղաքականությունից և արդյո՞ք ընդհանրապես տրամաբանական էր նման փաստաթուղթ ստորագրել գնացող իշխանության հետ, ո՞րն էր նպատակը: Սրանք ևս հարցեր են, որոնց շուրջ արժի մտածել:

Անդրադառնալով բուն փաստաթղթին՝ բավական ծավալուն այդ թղթում նորություն, կարելի է ասել, չկա: Եթե դիտարկենք, մասնավորապես, Հայաստանի համար առավել զգայուն բաժինը՝ նվիրված պաշտպանության և անվտանգության հարցերին, ապա համագործակցության բոլոր ուղղությունները, որոնք նշված են, այսպես թե այնպես գործում են և գործել են շատ վաղուց. խորհրդակցությունների բլոկը եղել է, անվտանգային ոլորտում երկկողմ համագործակցություն եղել է, նոր չէ նաև կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության թեման, նաև՝ իրավապահ համակարգի բարեփոխումներին աջակցությունը և այլն: Այո՛, նշվում է, որ խորացվելու է համագործակցությունը, բայց կարևոր է հասկանալ, որ սա, գոնե այս թղթում եղածից ելնելով, ընդամենը մեր երկկողմ առկա համագործակցության ընդլայնում է: Կարևո՞ր է, լա՞վ է, իհարկե, բայց կան «բայցեր», որոնք իրավունք չունենք շրջանցել…

Իրավունք չունենք հաշվի չառնել անվտանգային միջավայրը, որի պայմաններում ստորագրվում է փաստաթուղթը: Մեր տարածաշրջանում ուժերի բալանսը, ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան հարաբերությունների վիճակը, մեր աշխարհագրական դիրքն ու խնդիրները: Այո՛, եթե մենք ունենայինք նման փաստաթուղթ այլ պայմաններում, դաշնակից, բարեկամ երկրների շահերին ուղղակիորեն չհակասող տրամաբանության մեջ, նաև՝ գործող և ոչ թե հեռացող իշխանության հետ, գուցե և ողջունելի լիներ՝ որպես հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված կարևոր քայլ: Այսօր վիճակն այլ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ ցավոք, այսօր ստորագրված այս փաստաթուղթը ավելի շատ ռիսկեր ու մարտահրավերներ է բերում, քան հնարավորություններ: Ի դեպ, այս դեպքում ոչ միայն փաստաթուղթը, այլև հարակից գործընթացը ևս, ամենապարզ օրինակը Իսլամական պետության դեմ պայքարի կոալիցիային միանալու մասին արված հայտարարութուններն էին, որը լրիվ անհասկանալի էր՝ դրա մասին չկար ստորագրված թղթում, այդ արարողության ընթացքում չստորագրվեց այլ թուղթ, և հետևաբար՝ ի՞նչ էր դա և ինչի՞ էր արված՝ նորից մտածելու թեմա է:

Ինչ ունենք արդյունքում. Հայաստանի իշխանությունների համար PR-ի լավ հնարավորություն, ԱՄՆ-ի համար՝ ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության, տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու գործիք՝ ուղղակիորեն ուղղված ՌԴ-ի և Իրանի դեմ, և հսկայական ծավալի ռիսկեր՝ էերգետիկ համագործակցությունից սկսած մինչև Իսլամական պետության դեմ պայքար…»

 

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյան