ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
29 Mar 2017

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին քննադատողները «վայրահաչում են». Զոյա Թադեւոսյան

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը գնում է խորհրդարան՝ նախեւառաջ իշխանությանը պարտադրելու խաղաղության ամրագրում:

 

«Հարց իշխանավորին» հաղորդման հյուրը՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու Զոյա Թադեւոսյանն է:

 

«Կապիտուլյացիա՞, թե՞ խաղաղություն»,-ո՞րն է, ի վերջո, այս դաշինքի առաջ քաշած թեզը՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում: ՀԱԿ-ի ներկայացուցիչը շեշտում է՝ դաշինքին քննադատողները, առանց փաստերի եւ առանց խորանալու իրավիճակի մեջ, «վայրահաչում են»:  Իսկ ինչո՞ւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համար Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցը դարձավ առաջնային հենց քարոզարշավի ընթացքում: Այս հարցադրմանն ի պատասխան՝ Թադեւոսյանը պնդում է՝ իրենք մշտապես հետեւողական են եղել այդ հարցում:

«Հիմնախնդրի կարգավորումը  մշտապես եղել է օրակարգային, բայց չի քննարկվել օրհասական առումով: Մենք մտածում էինք, որ գործող իշխանություններն ունեն հնարավորություն հարցը լուծելու խաղաղ ճանապարհով, սակայն քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ այլեւս չի կարող դիմակայել հակառակորդի հարձակումներին, եւ մենք կարող ենք ունենալ լուրջ կորուստներ, ինչը եւ եղավ»,-նշում է նա:

Թադեւոսյանի համոզմամբ՝ երկրում առկա բոլոր հիմնախնդիրները սկիզբ են առնում հենց արցախյան հիմնախնդրի կարգավորված չլինելու հանգամանքից: «Խաղաղության պայմանագիրը հնարավորություն կտա երկիրը բերել նորմալ գործունեության վիճակի»,-վստահ է պատգամավորի թեկնածուն: Ավելին, ՀԱԿ ներկայացուցիչը համոզված է՝ Արցախի անվտանգության գոտի համարվող հողերն «ազատագրված հողեր չեն, այլ գրավյալ, իսկ հակառակը պնդողները՝ կեղծ հայրենասերներ են»:

«Եթե չկա խաղաղություն, ապա անգամ լավագույն ծրագրերը չեն կարող իրականանալ: Մենք դնում ենք բազային խնդիր, առանց որի լուծման՝ որեւէ քաղաքական ուժ անելիք չունի Ազգային ժողովում: Մնացած ուժերը խորհրդարան են գնում դիֆերամբների, ակադեմիական գիտելիքները ցուցադրելու, փափուկ աթոռներին վերստին տեր կանգնելու եւ ժողովրդի հաշվին նորից ապրելու»,-հավատացած է Զոյա Թադեւոսյանը: