«Ելք»-ի հիմնական նպատակը իշխանությանը քաղաքական ասպարեզից հեռացնելն է. Հովիկ Աղազարյան
«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միավորման կարեւորագույն նպատակը՝ այսօրվա իշխանություններին քաղաքական ասպարեզից հեռացնելն է: Երեք կուսակցությունները միավորող «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանի խոսքով՝ այս երեք ուժերն էլ համոզված են, որ այս ձեւով եւ այս մեթոդներով այլեւս չի կարելի կառավարել երկիրը: «Մենք միավորվել ենք հենց այս խնդրի լուծման համար»,-ընդգծում է բանախոսը:
«Ելք կա». ուրիշ ի՞նչ է ասում եւ ի՞նչ է առաջարկում «Ելքը»: Ինչպիսի՞ Հայաստան կլինի, եթե խորհրդարանում մեծամասություն կազմի հենց այս դաշինքը: Աղազարյանը վստահեցնում է՝ կունենաք արդար Հայաստան, հավասար հնարավորությունների Հայաստան, իսկ երկիրը թալանածները պատասխան կտան օրենքի առջեւ: Իսկ ի՞նչ է անելու «Ելք»-ը՝ ավելի իրատեսական սցենարի դեպքում: «Անգամ առանց մեծամասնության, նոր Սահմանդրությամբ, ընդդիմությունն արդեն կարող է որոշակի ազդեցություն ունենալ երկրում ընթացող գործընթացների վրա»,-նկատում է բանախոսը: