ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
14 Apr 2017

Իշխանությունը հայտնվել է նոր փուլում եւ նոր մարտահրավերի առջեւ. քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Ապրիլի 2-ին ընդամենն արձանագրվեց, որ ընդդիմության դաշտում ճգնաժամը դեռ շարունակվում է եւ երկար կշարունակվի:

 

Հայաստանի արդի քաղաքական կյանքը՝ ընտրություններից առաջ եւ հետո: Ինչպիսի՞նն է այն: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ քաղաքական դաշտն առաձնապես չի փոխվել, անուններ են փոխվել, եւ դաշտը հայտնվել է միջանկյալ մի ժամանակահատվածում: «Իշխանությունը հայտնվել է նոր փուլում եւ նոր մարտահրավերի առջեւ՝ ինչպե՞ս բյուրեղացնել այն առերեւույթ երկբեւեռ համակարգը, որը ձեւավորվել է անցնող 10-ամյակի ընթացքում, որը կարողացավ հասնել «անաղմուկ» ընտրության տեխնոլոգիայի, բայց որին, իհարկե, պետք է նոր փուլ, նոր «որակ» այդ ամենին գաղափարական տեսք տալու համար»,-նշում է բանախոսը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա քաղաքական մեկնաբանի բնորոշմամբ՝ այն չգտավ իր ռազմավարությունը՝ նոր իրավիճակում, իշխանության նոր դեմքի պարագայում: «Եւ ապրիլի 2-ն ընդամենն արձանագրեց, որ ընդդիմության դաշտում ճգնաժամը դեռ շարունակվում է եւ ոնց որ երկար կշարունակվի»,-կարծում է նա:

Վերոնշյալ խնդրի պատճառներից մեկը Հակոբ Բադալյանը համարում է ընդդիմության՝ իշխանության քայլերի հանդեպ խոցելի լինելը: «Իշխանությունն ունի ահռելի ռեսուրսներ, իշխանությունը կամայական կերպով է մեկնաբանում օրենքը, իշխանությունն իր ձեռքում է պահում դատարանները, իրավապահ համակարգը, այսինքն՝  այս առումով, իշխանությունը մահակը ձեռքին է»,-շեշտում է նա:

Իշխանության գրագե՞տ, թե՞ ընդդիմության անգրագետ գործելաոճի արդյունք: Ո՞րն է խնդիրը: Այս եւ շատ այլ հարցերի պատասխանները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: