Այսօր միայն չենք հիշում ու ցավում, այլեւ կորցրածին տեր կանգնելու ընկալում ունենք. Մհեր Հովհաննիսյան
«Փոխվե՞լ է հայերիս վերաբերմունքը ցեղասպանության եւ ապրիլի 24-ի օրվա նկատմամբ»: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը «Հարց իշխանավորին» հաղորդման հեղինակին հետաքրքրող հարցն է՝ ուղղված ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանին: «Անկասկած, անկախությունից հետո փոխվեց մեր վերաբերմունքը, կոնկրետ Հայաստանում ապրող հայերի վերաբերմունքը, քանի որ էական տարբերություն կա Հայաստանի եւ սփյուռքի միջեւ: Խնդիրն այլ կերպ սկսեց ընկալվել: Այսօր մեր երիտասարդները միայն չեն հիշում ու ցավում, այլեւ որոշակի պահանջատիրական ակնկալիք կա, կորցրածի եւ դրան տեր կանգնելու ընկալում կա»,-ընդգծում է Մհեր Հովհաննիսյանը:
Եթե Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ Հայաստանում եւ սփյուռքում քննարկումները գրեթե ամենօրյա ռեժիմով են, ապա այդ շրջանակից դուրս, ըստ բանախոսի, առկա են տեղեկացվածության էական խնդիրներ: «Այս առումով, միանշանակ, խնդիր ունենք: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ 70 տարի Հայաստանում լռություն է եղել: Սփյուռքը որքան կարողացել է՝ բարձրաձայնել է, որը, սակայն, համակարգման կարիք է ունեցել: Այսօրվա ամենաէական բացթողումը՝ թարգմանչական դպրոցի թուլությունն է: Այսօր օտարերկրյա լսարանին, օտար լեզվով, մատչելի լեզվով, ճիշտ եւ ընկալելի ձեւաչափով ներկայացվող նյութի պակաս ունենք եւ այս ուղղությամբ պետք է աշխատել»,-նշում է Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենը: Զրույցի մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: