Կրոնն ազգը պառակտում է հոգեւոր դաշտում, կուսակցությունները՝ աշխարհիկ. Սամվել Կարապետյան
Հայրենաճանաչությունը մարդուն աներեւույթ ուղեկցում է ամբողջ կյանքում: Այն քաղաքացին, որը վաղ տարիքից գոնե նվազագույնը ճանաչում է իր հայրենիքի գեղեկցությունը, նա միանգամայն այլ տեսակի քաղաքացի է լինելու: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը վստահ է՝ հայրենաճանաչ հայը այլ վերաբերմունք ունի հայրենիքի նկատմամբ: «Օրինակ՝ նա չի աղտոտում իր հայրենիքը: Չի կարող հայրենաճանաչ մարդը, այսինքն՝ ինքնաբերաբար հայրենասեր մարդը, իրեն խոզի պես պահել»,-շեշտում է նա:
Հայրենիքն անսահման սիրող Սամվել Կարապետյանը խորապես համոզված է, որ մեր այսօրվա խնդիրները հենց հայրենաճանաչության բացակայությունից են: «Հայրենաճանաչությունն ազնվացնում է, մարդուց կերտում է ավելի օրինակելի ու պիտանի քաղաքացի»,-հավատացած է բանախոսը:
Հայրենիքից առավել բարձր արժեք չճանաչող Կարապետյանի համար հայրենիքն Աստված է, իր կրոնը, նպատակը, երազանքն ու ամեն ինչը: «Աղոթքս՝ աշխատանքն է: Աղոթքով թշնամուդ չես վանի: Ես ինձ քրիստոնյա չեմ զգում: Տիգրան Մեծը քրիստոնյա չէր, ի՞նչ է, հայ չէ՞ր: Արեւմտյան Հայաստանի մահմեդականացված հայերից շատերն այսօր ինձնից լավ հայ են: Կրոնն ազգը պառակտում է հոգեւոր դաշտում, կուսակցություններն ազգը պառակտում են աշխարհիկ դաշտում»,-ընդգծում է հուշարձանագետը: Զրույցի հետաքրքիր մանրամասները եւ ոչ ստանդարտ մտքերը՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: