Շուշիի ազատագրումը փառահեղ երեւույթ էր. Ազատ Արշակյան
Շուշիի ազատագրումը, իրոք, հրաշք էր: Եւ ոչ միայն մեր հակառակորդները, այլեւ մենք էինք մտածում, որ ռազմական հաղթանակը մեզ համար չէ: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը հավելում է՝ ճիշտ է, ռուսական, թուրքական, պարսկական բանակներում մենք կարող էինք գեներալներ, զորավարներ ունենալ, բայց որ մենք բոլորս միասին մեր հայրենիքի, մեր նպատակի համար կարող էինք կռվել ու հաղթել, համոզված չէինք:
«Մայիսի 9-ը ոչ միայն Շուշիի՝ որպես բնակավայրի ազատագրումն էր, այլ կարեւորը երեւույթն էր, որ մենք հաղթեցինք. հաղթեցինք ոչ թե բարոյական պատերազմում, ոչ թե մշակութային կամ շինարարական ոլորտում, այլ հաղթեցինք առնականության, անձնազոհության բնագավառում: Մեր բանակը հաղթեց, մենք առնական ժողովուրդ ենք, մենք հաղթել գիտենք, մենք իսկական ենք»,- զգացմունքները վերապրում է նախկին պատգամավորը:
Ազատ Արշակյանը հռետորական հարցադրում է անում՝ հետաքրքիր է, թե որտեղի՞ց էր համոզվածությունը, որ հաղթելու ենք: «Բայց բոլորս գիտեինք, որ պետք է հաղթեինք: Կարծում եմ՝ կուտակված մի բան կար, գաղտնի, ծպտված թաքնված մեր երգերում, մեր հեքիաթներում, դրանցով են մեզ փոխանցվել, ու մենք հաղթեցինք, ինչը փառավոր բան էր»,-հպարտությամբ նշում է բանախոսը:
Իսկ ի՞նչ զգացողություններ են ունենում նման անհավանական եւ փառահեղ հաղթանակներից հետո: Այս ամենի մասին՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: