Հայերը համաշխարհային առաքելություն ունեն. Ահարոն Ադիբեկյան
Հայկական ավանդական ընտանիքը, պետականություն չունենալու պայմաններում, եղել է հայ ազգի պահպանման հենքը: Այսօր Սփյուռքում հայությունը պահպանվում է ընտանիքի միջոցով: Սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի խոսքով, եթե Սփյուռքում ապրող հայ ընտանիքում հայերեն են խոսում, ուտում են ազգային ուտեստներ, ապա երեխան մեծանում է հայ: «Այլապես, կորում, գնում է, մնում է միայն ազգանունը»,-նկատում է նա:
Ըստ Ադիբեկյանի՝ հայերի շրջանում ընտանիքի բարեկեցությունը երեխաների քանակն էր, իսկ անհատի երջանկությունը՝ երեխաների բարեկեցիկ ապագայի ապահովումը: «Հայերի շրջանում անհատական երջանկության զգացողությունը երկրորդական էր, հայը չի ձգտել ապրել իր «կայֆով», նա իր երջանկությունը մշտապես կիսել է ընտանիքի հետ»,-ասում է սոցիոլոգը:
Աշխարհը գնում է իր ճանապարհով, Եվրոպան անհատապաշտ է, շատերը չեն ձգտում երեխա ունենալ: Այս համատեքստում Ադիբեկյանը նկատում է, որ այժմ ապրում ենք որոշում կայացնելու կարեւոր փուլում: «Պետք է որոշենք՝ մենք եվրոպական-քրիստոնեական ազգ ենք եւ ապրում են այդ ազգերի կյանքի չափորոշիչներով, թե ուրույն ազգ ենք եւ պետք է ուրույն ավարտենք մեր առաքելությունը»,-ընդգծում է սոցիոլոգը:
Ադիբեկյանը համոզված է, որ հայ ժողովուրդը՝ բացի ազգայինից, ունի նաեւ համաշխարհային առաքելություն: Այս համատեքստում էլ նա մեջբերում է Բորիս Մոյշեզոնի «Արմենոիդները՝ հին ժամանակների արիստոկրատները» գրքում տեղ գտած խոսքերը՝ «եթե մարդկությունն ուզում է առաջընթաց ունենալ, ապա պետք է ապահովի հայերի, հրեաների եւ պարսիկների գոյությունը»: Զրույցի մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: